Փրկուածը ընդմիշտ փրկուա՞ծ է:



Հարց. Փրկուածը ընդմիշտ փրկուա՞ծ է:

Պատասխան.
Եթէ մարդը փրկուած է, արդեօ՞ք նրա փրկութիւնն ընդմիշտ է: Երբ մարդն ընդունում է Քրիստոսին որպէս Փրկիչ, Աստուծոյ հետ հաստատում է այնպիսի փոխյարաբերութիւն, որը երաշխաւորում է նրա փրկութիւնն իբրեւ յաւիտենապէս ապահով: Աստուածաշնչեան բազմաթիւ հատուածներ հաստատում են այս փաստը:

ա) Հռոմ. 8.30-ը ասում է. «Եւ որոնց առաջուց սահմանեց, նրանց կանչեց էլ, ում որ կանչեց, նրանց արդարացրեց էլ, իսկ որոնց որ արդարացրեց, նրանց փառաւորեց էլ»: Այս համարը ասում է, որ այն պահից, երբ Աստուած մեզ ընտրում է, այլեւ կարծես փառաւորուած ենք Երկնքում Իր ներկայութեան մէջ: Ոչինչ չի կարող խանգարել հաւատացեալին՝ փառաւորուելու մի օր, որովհետեւ Աստուած արդէն իսկ կանխորոշել է դա երկնքում: Արդարացուելուն պէս՝ մարդու փրկութիւնը երաշխաւորուած է. նա այնքան ապահով է, որ կարծես արդէն իսկ փառաւորուած է երկնքում:

բ) Հռոմ. 8.33-34-ում Պօղոսը երկու բացառիկ կարեւոր հարցադրում է անում. «Ո՞վ է որ Աստուծոյ ընտրեալներին կմեղադրի. Աստուած է որ արդարացնում է: Ո՞վ է որ կդատապարտի. Քրիստոս, որ մեռաւ, աւելին, որ յարութիւն առաւ եւ Աստուծոյ աջ կողմին է, որ մեզ համար բարեխօս էլ է»: Ո՞վ պիտի մեղադրի Աստուծոյ ընտրեալներին: Ոչ ոք չի կարող, որովհետեւ Քրիստոս է մեր դատապաշտպանը: Ո՞վ պիտի դատապարտի մեզ: Ոչ ոք, որովհետեւ միայն Քրիստոս, ով մեզ համար մեռաւ, իրաւունք ունի դատապարտելու: Ե՛ւ դատաւորը, ե՛ւ դատապաշտպանը մեր Փրկիչն է:

գ) Հաւատացեալները վերստին ծնւում (վերածնւում) են, երբ հաւատում են Քրիստոսին (Յովհ. 3.3, Տիտ. 3.5): Որպէսզի քրիստոնեան կորցնի փրկութիւնը, պիտի «հակավերածնուի»: Սուրբ Գրքում ոչ մի ապացոյց չկայ, որ նոր ծնունդը յետ առնուի:

դ) Սուրբ Հոգին բնակւում է հաւատացեալների մէջ (Յովհ. 14.17, Հռոմ. 8.9) եւ բոլոր հաւատացեալներին մկրտում է Քրիստոսի Մարմնում (Ա Կորնթ. 12.13): Որպէսզի հաւատացեալը չփրկուած դառնայ, Սուրբ Հոգին պէտք է դադարի նրա մէջ բնակուել, եւ այդ հաւատացեալը հատուի Քրիստոսի Մարմնից:

ե) Յովհ. 3.15-ը ասում է, որ ով որ հաւատայ Յիսուս Քրիստոսին, «յաւիտենական կեանք կունենայ»: Եթէ այսօր հաւատաս Քրիստոսին, եւ քեզ յաւիտենական կեանք տրուի, բայց վաղն այն կորցնես, ուրեմն բնաւ էլ յաւիտենական չի եղել: Հետեւապէս, եթէ փրկութիւնդ կորցնես, նշանակում է՝ յաւիտենական կեանքի աստուածաշնչեան խոստումները ճշմարիտ չեն:

զ) Ամենահամոզիչ ապացոյցը հէնց Աստուածաշնչի մէջ ենք գտնում. «Որովհետեւ ես համոզուած եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կեանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանութիւնները, ո՛չ զօրութիւնները, ո՛չ ներկայ բաները, ո՛չ գալիք բաները, ո՛չ բարձրութիւնը, ո՛չ խորութիւնը, ո՛չ էլ ստեղծուած մի ուրիշ բան չեն կարող զատել մեզ Աստուծոյ սիրուց, որ մեր Տէր Քրիստոս Յիսուսով է» (Հռոմ. 8.38-39): Յիշի՛ր. այն նոյն Աստուած, որ քեզ փրկել է, նոյն Աստուածն է, որը նաեւ կպահպանի քեզ: Եթէ փրկուած ենք, ուրեմն փրկուած ենք ընդմիշտ: Մեր փրկութիւնը, անկասկած, յաւիտենապէս ապահովուած է:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Փրկուածը ընդմիշտ փրկուա՞ծ է: