Ի՞նչ է Սուրբ Հոգուն հայհոյելը:



Հարց. Ի՞նչ է Սուրբ Հոգուն հայհոյելը:

Պատասխան.
«Սուրբ Հոգուն հայհոյելու» հասկացութիւնը նշւում է Մարկոս 3.22-30 եւ Մատթէոս 12.22-32 հատուածներում: «Հայհոյութիւն» բառն ընդհանուր առմամբ կարելի է բնորոշել իբրեւ «յանդուգն անակնածութիւն»: Այն կարելի է վերագրել այնպիսի մեղքերի, ինչպէս Աստծուն անիծելը կամ Աստծուն վերաբերող բաները դիտաւորեալ նսեմացնելը, նաեւ Աստծուն որեւիցէ չարիք վերագրելը կամ Նրան պատկանող որեւէ բարիք ուրանալը: Այս հայհոյութիւնը, սակայն, յատուկ դէպք էր եւ Մատթէոս 12.31-ում կոչւում է «հայհոյութիւն Սուրբ Հոգուն»: Մատթէոս 12.31-32-ում փարիսեցիները, ականատես լինելով այն իրողութեանը, որ Յիսուս անհերքելի հրաշքներ էր գործում Սուրբ Հոգու զօրութեամբ, չարամտօրէն պնդում էին, իբր Տէրը բռնուած էր «Բէեղզեբուղ» կոչուած դեւով (Մատթէոս 12.24): Նկատենք նաեւ, որ Մարկոս 3.30-ում Յիսուս պարզ ասում է, թէ ինչպէս էին «Սուրբ Հոգուն հայհոյում»:

Հայհոյութիւնն այստեղ այն էր, որ Յիսուսին մեղադրում էին դիւահարութեան մէջ փոխանակ ընդունելու, որ Նա լցուած էր Սուրբ Հոգով: Հետեւաբար Սուրբ Հոգուն հայհոյելու այս մասնաւոր դէպքը հնարաւոր չէ պատճէնել այսօր: Յիսուս Քրիստոս երկրի վրայ չէ այլեւս. Նա նստած է Աստուծոյ աջակողմում: Ոչ ոք այլեւս չի կարող տեսնել Յիսուսին հրաշք գործելիս, ապա այդ զօրութիւնը Հոգու փոխարէն վերագրել Սատանային: Ամենամօտ օրինակը մեր օրերում կլինէր այն, որ փրկուած մարդու փոխուած կեանքի հրաշքը վերագրուէր Սատանային, այլ ոչ թէ այդ մարդու մէջ բնակուող Սուրբ Հոգուն:

Սուրբ Հոգուն հայհոյելն այսօր, որն այլ բան չէ, քան նոյն աններելի մեղքը, տեւական անհաւատութեան վիճակն է: Ներում չկայ անհաւատութեան մէջ մեռնող մարդու համար: Յիսուս Քրիստոսին հաւատալու Սուրբ Հոգու յորդորը շարունակ մերժելը աններելի հայհոյութիւն է Նրա դէմ: Յիշենք՝ ինչ է ասում Յովհաննէս 3.16-ը. «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տուեց, որպէսզի ամէն Նրան հաւատացողը չկորսուի, այլ յաւիտենական կեանք ունենայ»: Նոյն գլխում այնուհետեւ ասում է՝ «Որդուն հաւատացողը յաւիտենական կեանք ունի, իսկ Որդուն չհնազանդուողը կեանքը չի տեսնի, այլ Աստուծոյ բարկութիւնը մնում է նրա վրայ» (Յովհ. 3.36): Միակ պայմանը, որում մարդը ներում չունի, այն է, երբ «Նրան հաւատացողների» մէջ չէ, քանի որ «Որդուն չհնազանդուողների»՝ Քրիստոսին մերժողների մէջ է:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է Սուրբ Հոգուն հայհոյելը: