Ի՞նչ է Սուրբ Հոգու մկրտութիւնը:



Հարց. Ի՞նչ է Սուրբ Հոգու մկրտութիւնը:

Պատասխան.
Սուրբ Հոգու մկրտութիւնը կարելի է բնորոշել որպէս մի գործ, որով Աստուծոյ Հոգին հաւատացեալին դնում է Քրիստոսի եւ այլ հաւատացեալների հետ միութեան մէջ Քրիստոսի մարմնում, փրկութեան պահին: Ա Կորնթացիս 12.12-13-ը Սուրբ Հոգու մկրտութեան վերաբերեալ առանցքային հատուած է Աստուածաշնչում. «Որովհետեւ մենք ամենքս էլ մէկ Հոգով մկրտուեցինք՝ մէկ մարմին լինելու համար. թէ՛ հրեաներ, թէ՛ յոյներ, թէ՛ ծառաներ, թէ՛ ազատներ. ամենքս էլ մէկ Հոգուց խմեցինք» (Ա Կորնթ. 12.13): Հռոմայեցիս 6.1-4-ը յատուկ չի նշում Աստուծոյ Հոգուն, սակայն Ա Կորնթացիս Թղթի վերոյիշեալ հատուածի լեզուի նմանութեամբ նկարագրում է հաւատացեալի դիրքը Աստուծոյ առջեւ. «Արդ ի՞նչ ասենք, մնա՞նք մեղքի մէջ, որ շնորհը շատանայ: Քա՛ւ լիցի. մենք որ մեղքին մեռանք, էլ ինչպէ՞ս դեռ կապրենք նրա մէջ: Կամ չգիտէ՞ք, թէ մեզնից քանիսը, որ Յիսուս Քրիստոսով մկրտուեցինք, Նրա մահուա՛նը մկրտուեցինք: Մկրտութեամբ Նրա հետ մեռնելով թաղուեցինք մահի մէջ, որ ինչպէս Քրիստոս մեռելների միջից Հօր փառքով յարութիւն առաւ, այնպէս մենք էլ նոր կեանքի մէջ ընթանանք»:

Հետեւեալ փաստերով փորձենք ի մի բերել Հոգու մկրտության մեր պատկերացումը: Նախ՝ Ա Կորնթացիս 12.13-ը պարզորոշ նշում է, որ ամենքը մկրտվեցին, ինչպէս որ ամենքը Հոգուց խմեցին (Հոգու ներբնակութիւնը): Երկրորդ, Աստուածաշնչում ոչ մի տեղ հաւատացեալներին չի ասւում մկրտուել Սուրբ Հոգով կամ Հոգուց կամ որեւէ այլ կերպ ձգտել Սուրբ Հոգու մկրտութեան: Սա նշանակում է, որ բոլոր հաւատացեալներն են ունեցել այս փորձառութիւնը: Երրորդ, Եփեսացիս 4.5-ը, թւում է, վերաբերում է Հոգու մկրտութեանը: Եթէ այդպէս է, ապա Հոգու մկրտութիւնը իրական է իւրաքանչիւր հաւատացեալի համար, ինչպէս որ իրական են «մէկ հաւատքը» եւ «մէկ Հայրը»:

Եզրակացութիւն. Սուրբ Հոգու մկրտութիւնը երկու բան է անում. 1) միացնում է մեզ Քրիստոսի մարմնին և 2) իրագործում է մեր խաչուելը Քրիստոսի հետ: Նրա մարմնում լինելը նշանակում է, որ Նրա հետ յարութիւն ենք առել կեանքի նորոգութեան մէջ (Հռոմայեցիս 6.4). Այնուհետեւ պէտք է հոգեւոր մեր պարգեւները գործադրենք, որպէսզի այդ մարմինը լաւագոյնս գործի, ինչպէս ենթադրում է Ա Կորնթացիս 12.13-ի շրջարկը (համատեքստը): Մէկ Հոգով մկրտութիւնը հիմք է ծառայում եկեղեցու միասնութիւնը պահպանելու ըստ Եփեսացիս 4.5 խօսքի: Իսկ Հոգու մկրտութեամբ Քրիստոսի հետ մեռնելը, թաղուելը և յարութիւն առնելը հող է ստեղծում մեր մէջ բնակուող մեղքի իշխանութիւնից զատուելու եւ կեանքի նորոգութեան մէջ ընթանալու համար (Հռոմայեցիս 6.1-10, Կողոսացիս 2.12):



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է Սուրբ Հոգու մկրտութիւնը: