Արդեօ՞ք Յիսուս դժոխք էր գնացել Իր մահուան ու յարութեան միջեւ:



Հարց. Արդեօ՞ք Յիսուս դժոխք էր գնացել Իր մահուան ու յարութեան միջեւ:

Պատասխան.
Հարցի վերաբերեալ բաւականին մեծ շփոթ կայ: Գաղափարը գալիս է հիմնականում Առաքելական հաւատամքից, որն ասում է՝ «Նա իջաւ դժոխք...»: Սուրբգրային մի քանի համար նոյնպէս, որոնք, ըստ որոշ թարգմանութիւնների, ասում են, իբր Յիսուս եղել է «դժոխքում»: Հարցը դիտարկելիս կարեւոր է նախ հասկանալ, թէ ինչ է ուսուցանում Աստուածաշունչը մեռեալների տիրոյթի մասին:

Եբրայերէն Սուրբ Գրքում՝ Հին Կտակարանում, մեռեալների տիրոյթը կոչւում է շէոլ, որ պարզապէս նշանակում է «մեռածների վայր» կամ «մեռած հոգիների տեղ»: Նոյնիմաստ նորկտակարանային յունարէն բառն է հադէս, որը նոյնպէս նշանակում է «մեռեալների վայր»: Աստուածաշնչեան այլ հատուածներ նշում են, որ շէnլ/հադէս-ը ժամանակաւոր կացարան է, որտեղ հոգիները պահւում են՝ վերջին յարութեանն ու դատաստանին սպասելով: Յայտնութիւն 20.11-15-ը պարզորոշ տարբերակում է «դժոխքը» (կարկէ լիճը)՝ որպէս կորուսեալների դատապարտութեան վերջնական ու մշտնջենական պատժավայր, եւ «հադէսը»՝ որպէս ժամանակաւոր տեղ: Հետեւաբար, հարցի պատասխանն է՝ ոչ, Յիսուս դժոխք չի գնացել, որովհետեւ դժոխքը ապագայի տիրոյթ է, որը գործելու է Ճերմակ մեծ գահի առջեւ դատաստանից յետոյ միայն (Յայտնութիւն 20.11-15):

Շէոլ/հադէս-ը երկմասն տիրոյթ է (Մատթէոս 11.23; 16.18, Ղուկաս 10.15; 16.23, Գործք 2.27-31), փրկուածների եւ կորուսեալների կացարանը: Ընդ որում՝ փրկուածների բաժինը կոչւում է «դրախտ» կամ «Աբրահամի գոգ»: Փրկուածների ու կորուսեալների կացարաններն իրարից բաժանուած են «մեծ անդունդով» (Ղուկաս 16.26): Երկինք համբարձուելիս Յիսուս Իր հետ առաւ դրախտի բնակիչներին (հաւատացեալներին) (Եփեսացիս 4.8-10): Մեռեալների տիրոյթի կորուսեալ հատուածը մնաց անփոփոխ: Մեռնող բոլոր անհաւատները այնտեղ են գնում եւ սպասում են իրենց գալիք վերջնական դատաստանին: Արդ՝ Յիսուս շէոլ/հադէ՞ս էր գնացել: Այո՝ ըստ Եփեսացիս 4.8-10 եւ Ա Պետրոս 3.18-20 հատուածների:

Շփոթը մասամբ արդիւնք է աստուածաշնչեան որոշ հատուածների թարգմանութեան, ինչպէս, օրինակ՝ Սաղմոս 16.10-11. «Որովհետեւ իմ անձը դժոխքում չես թողնի եւ ոք սրբին ապականութիւն տեսնել չես տայ: Ինձ ցոյց ես տալիս կեանքի ճանապարհը»: «Դժոխքը» ստոյգ թարգմանութիւնը չէ այստեղ. ճիշտ թարգմանութիւնը կլինէր՝ «գերեզման» կամ «շէոլ»: Յիսուս խաչի վրայ ասաց մեռնող աւազակին. «Այսօր ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկաս 23.43): Յիսուսի մարմինը գերեզմանում էր, Նրա հոգին գնացել էր շէոլ/հադէս-ի «դրախտ» կողմը: Այնտեղից էլ արդար մեռեալների բոլոր հոգիներն Իր հետ երկինք տարաւ: Աստուածաշնչի թարգմանիչները, ցաւօք, միշտ չէ, որ հետեւողական են եբրայերէն ու յունարէն «շէոլ». «հադէս», «դխոխք» բառերի թարգմանութեան մէջ:

Ոմանք այն կարծիքին են, որ Յիսուս գնաց «դժոխք» կամ շէոլ/հադէս-ի տառապանքի մասը՝ որպէս շարունակութիւն մեր մեղքերի համար Իր կրած պատժի: Բացարձակապէս հակասուրբգրային գաղափար: Յիսուսի՝ խաչի վրայ մեր փոխարէն կրած չարչարանքը եւ մահը բաւարար էին մեր փրկագործութեան համար: Նրա յեղուած արիւնը սրբում է մեզ մեղքից (Ա Յովհաննէս 1.7-9): Խաչի վրայ մահանալով՝ Նա Իր վրայ առաւ մարդկային ողջ ցեղի մեղքի բեռը: Նա մեղք դարձաւ մեզ համար. «Աստուած Նրան, որ մեղք չգիտէր, մեզ համար մեղք արեց, որպէսզի մենք Նրա մէջ Աստուծոյ արդարները լինենք» (Բ Կորնթ. 5.21): Այս մեղսագրումը օգնում է մեզ հասկանալու Քրիստոսի չարչարանքը Գեթսեմանիի պարտէզում, եւ մեղքի «այն գաւաթը», որ պիտի թափուէր Նրա վրայ:

Խաչի վրայ Յիսուսի աղաղակը՝ «Աստուա՛ծ իմ, Աստուա՛ծ իմ ինչո՞ւ ինձ թողեցիր» (Մատթ. 27.46), հնչեց այն պահին, երբ Իր վրայ թափուող մեղքի պատճառով Յիսուս բաժանուած էր Հօրից: Հոգին աւանդելով՝ Յիսուս ասաց. «Հա՛յր, քո ձեռքերի մէջ եմ յանձնում իմ հոգին» (Ղուկ. 23.46): Նրա փոխանորդական չարչարանքը կատարուած էր: Նրա հոգին գնաց «հադէսի» դրախտի կողմը: Յիսուս դժոխք չգնաց»: Յիսուսի չարչարանքը վերջ գտաւ մահուան պահին: Մեղքի վարձքը վճարուած էր: Այնուհետեւ սպասեց Իր մարմնի յարութեանը եւ համբարձուեց դէպի վերադարձ Իր յաւիտենական փառքին: Կրկնենք. Յիսուս դժո՞խք գնաց: Ո՛չ: Յիսուս շէոլ/հադէ՞ս գնաց: Այո՛:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Արդեօ՞ք Յիսուս դժոխք էր գնացել Իր մահուան ու յարութեան միջեւ: