Յիսուս խաչուել է ուրբա՞թ:



Հարց. Յիսուս խաչուել է ուրբա՞թ: Եթէ այո, ինչպէ՞ս է երեք օր եղել գերեզմանում, եթէ յարութիւն է առել կիրակի:

Պատասխան.
Աստուածաշունչը պարզորոշ չի ասում, թէ որ օրն է Յիսուս խաչուել: Երկու ամենաընդունուած կարծիքներն են՝ ուրբաթ եւ չորեքշաբթի: Ոմանք էլ չորեքշաբթին եւ ուրբաթը միացնելով առաջարկում են հինգշաբթին:

Մատթէոս 12.40-ում Յիսուս ասում է. «Որովհետեւ ինչպէս որ Յովնանն էր երեք օր ու երեք գիշեր կէտի փորում, այնպէս էլ Մարդու Որդին երեք օր ու երեք գիշեր երկրի սրտում կլինի»: Նրանք, ովքեր պնդում են խաչելութեան ուրբաթ օրուայ վարկածը, ասում են, որ հնարաւոր է ստոյգ կերպով բացատրել երեք օր եւ երեք գիշեր գերեզմանում լինելը: Առաջին դարի հրեայ մտայնութեան մէջ օրուայ մի մասը համարւում էր ամբողջ օր: Քանի որ Յիսուս գերեզմանում էր ուրբաթ օրուայ մի մասը, ամբողջ շաբաթ օրը եւ կիրակի օրուայ մի մասը, ապա կարող էր համարուել, որ գերեզմանում եղել էր երեք օր: Յօգուտ ուրբաթի հիմնական փաստարկներից մէկը գտնում ենք Մարկոս 15.42-ում, որտեղ ասում է, որ Յիսուս խաչուել է ուրբաթ, «այսինքն՝ շաբաթի նախորդ օրը»: Եթէ դա շաբաթ օրն էր, ապա ուրբաթ օրուայ վարկածը ճշմարիտ է: Յօգուտ ուրբաթի մէկ այլ փաստարկ ասում է, որ Մատթէոս 16.21 եւ Ղուկաս 9.22 համարները սովորեցնում են, որ Յիսուս պէտք է յարութիւն առնէր երրորդ օրը, հետեւաբար Նա երեք ամբողջ օր ու գիշեր չպէտք է մնար գերեզմանում: Բայց մինչ որոշ թարգմանութիւններ այս համարներում ասում են «երրորդ օրը», ոչ բոլորն են այն կարծիքին, որ «երրորդ օրը» ստոյգ թարգմանութիւն է: Աւելին, Մարկոս 8.31-ը ասում է, որ Յիսուս պէտք է յարութիւն առնէր «երեք օր յետոյ»:

Հինգշաբթի օրուայ վարկածը թերեւս շարունակում է ուրբաթի փաստարկը եւ պատճառաբանում, որ չափազանց շատ իրադարձություններ են ընկած Քրիստոսի թաղման եւ կիրակի առաւօտուայ միջեւ (ոմանք հաշւում են քսան), որպէսզի հասցնէին կատարուել ուրբաթ երեկոյից մինչեւ կիրակի վաղ առաւօտ: Հինգշաբթիի ջատագովները շեշտում են, որ դա յատկապէս վիճելի է, երբ ուրբաթի ու կիրակիի միջեւ միակ լրիւ օրը շաբաթն էր՝ հրէից հանգստի օրը: Յաւելեալ մէկ կամ երկու օրը լուծում է այս խնդիրը: Հինգշաբթիի կողմնակիցներն այսպէս են հիմնաւորում: Ենթադրենք ընկերոջդ չես տեսել երկուշաբթի երեկոյից ի վեր, եւ հանդիպում ես հինգշաբթի առաւօտեան ու ասում ես՝ «Երեք օր է՝ քեզ չեմ տեսել», թէեւ իրականում անցել է ընդամենը 60 ժամ (երկուսուկէս օր): Ահա եթէ Յիսուս խաչուած լինէր հինգշաբթի, այս օրինակը ցոյց է տալիս, թէ ինչպէս է «լրանում» երեք օրը:

Ըստ չորեքշաբթի օրուայ վարկածի՝ հրէից երկու շաբաթ էր եղել այդ եօթնօրեայում: Առաջինից յետոյ, խաչելութեան երեկոյեան (Մարկոս 15.42, Ղուկաս 23.52-54) կանայք գնեցին խունկն ու իւղը: Ուշադրութիւն դարձրէք, որ գնումները կատարեցին շաբաթից յետոյ (Մարկոս 16.1): Չորեքշաբթիի վարկածն ասում է, որ այս «շաբաթը» Զատիկն էր (տե՛ս Ղեւտացոց 16.29-31; 23.24-32, 39, ըստ որի առանձնակի սուրբ օրերը, որոնք միշտ չէ որ եօթերորդ օրն են ընկնում, համարւում են հանգիստ՝ «շաբաթ»): Այդ եօթնօրեայի երկրորդ «շաբաթը» օրացոյցային յաջորդ շաբաթ օրն էր: Նկատենք, որ ըստ Ղուկաս 23.56-ի՝ կանայք, որ խունկն ու իւղը գնել էին առաջին «շաբաթից» յետոյ, «յետ դարձան, խունկեր եւ իւղեր պատրաստեցին, բայց շաբաթ օրը, պատուիրանի համաձայն, հանգիստ առան»: Պարզ տրամաբանութեամբ՝ չէին կարող գնումներ անել շաբաթից յետոյ եւ պատրաստել դրանք շաբաթից առաջ, եթէ երկու «շաբաթ» չլինէր: «Զոյգ շաբաթի» այս վարկածով եթէ Քրիստոս խաչուել է հինգշաբթի, ապա սրբազան «շաբաթը» (Զատիկը) պիտի սկսէր հինգշաբթի մայրամուտին եւ աւարտուէր ուրբաթ մայրամուտին՝ եօթնօրեայի օրացոյցային շաբաթ օրը: Առաջին շաբաթից (Զատկից) յետոյ գնումներ անելը կնշանակէր, որ նրանք գնել էին շաբաթ օրը, այսինքն՝ խախտած կլինէին հրէից հանգստի օրը:

Հետեւաբար, ըստ չորեքշաբթի օրուայ վարկածի, միակ բացատրութիւնը, որ չի հակասում կանանց եւ գնումների աւետարանական պատումին եւ բառացի է մեկնում Մատթէոս 12.40 խօսքը, այն է, որ Քրիստոսի խաչելութիւնը եղել է չորեքշաբթի օրը: Շաբաթը, որ սրբազան օր էր՝ Զատիկ, ընկել էր հինգշաբթի, կանայք խունկն ու իւղը գնել էին դրանից յետոյ՝ ուրբաթ, ապա վերադարձել եւ պատրաստել էին անուշաբոյր համեմունքները նոյն օրը, հանգստացել էին շաբաթին (որը հէնց եօթնօրեայի շաբաթ օրն էր), այնուհետեւ համեմունքները բերել էին գերեզմանին կիրակի կանուխ: Յիսուս խաչուել էր չորեքշաբթի մայրամուտին, երբ հրէից օրացոյցով սկսւում է հինգշաբթին: Ըստ հրէից օրացոյցի՝ ստացւում է այսպէս. լոյս հինգշաբթի գիշերը (առաջին գիշեր), հինգշաբթի ցերեկը (առաջին օր), ուրբաթ գիշերը (երկրորդ գիշեր), ուրբաթ ցերեկը (երկրորդ օր), շաբաթ գիշերը (երրորդ գիշեր), շաբաթ ցերեկը (երրորդ օր): Ստոյգ չգիտենք, թէ որ ժամին է յարութիւն առել, բայց յայտնի է, որ յարութիւնը եղել է կիրակի շատ վաղ՝ նախքան արեւածագը: Դա կարող էր լինել աւելի շուտ՝ շաբաթ երեկոյեան, մայրամուտից յետոյ, որը, ըստ հրէական օրացոյցի, շաբաթուայ սկիզբն էր: Դատարկ գերեզմանը յայտնաբերուեց վաղ արշալոյսին, «առաւօտեան շատ վաղ» (Մարկ. 16.2), «տակաւին մութ» (Յովհ. 20.1):

Չորեքշաբթի օրուայ տեսակէտի թերութիւնն այն է, որ Էմմաուս գնացող աշակերտները Յիսուսին տեսան «այն նոյն օրը» (Ղուկ. 24.13), այն է՝ յարութեան օրը: Աշակերտները չճանաչեցին Նրան, պատմեցին Նրան Յիսուսի խաչելութեան մասին (24:21) եւ ասացին, որ «այս երրորդ օրն է, ինչ այս բաները եղան» (24.21): Չորեքշաբթիից կիրակի չորս օր է: Հնարաւոր է, որ նրանք հաշւում էին չորեքշաբթի երեկոյեան Յիսուսի թաղումից, երբ սկսւում է հրեաների հինգշաբթին, իսկ հինգշաբթիից կիրակի կարելի էր երեք օր հաշուել:

Դէպքերի այս մեծ «կտաւի» վրայ թերեւս այնքան էլ կարեւոր չէ իմանալ, թէ շաբաթուայ որ օրն է Յիսուս խաչուել: Եթէ դա այդքան էական լինէր, Աստուծոյ Խօսքը կյայտներ ստոյգ օրն ու ժամը: Առաւել կարեւոր է այն, որ Յիսուս իսկապէս մեռաւ եւ ֆիզիկապէս, մարմնով յարութիւն առաւ մեռելներից: Հաւասարապէս կարեւոր է նաեւ Նրա մահուան պատճառը՝ բոլոր մեղաւորների արժանի պատիժը կրելու: Յովհաննէս 3.16 եւ 3.36 խօսքերն ասում են, որ Յիսուսին ապաւինողը յաւիտենական կեանք կստանայ: Իսկ դա հաւասարապէս ճշմարիտ է անկախ նրանից, թէ երբ է եղել խաչելութիւնը՝ չորեքշաբթի, հինգշաբթի, թէ ուրբաթ:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Յիսուս խաչուել է ուրբա՞թ: Եթէ այո, ինչպէ՞ս է երեք օր եղել գերեզմանում, եթէ յարութիւն է առել կիրակի: