Ի՞նչ է նշանակում՝ Աստուած սէր է։



Հարց. Ի՞նչ է նշանակում՝ Աստուած սէր է։

Պատասխան.
Նախ հասկանանք, թէ Աստուածաշունչն ինչպէս է բնութագրում սէրը, այնուհետեւ կբերենք մի քանի օրինակ, որոնցում Աստուած ինքնին սիրոյ էութիւնն է։ «Սէրը երկայնամիտ է, քաղցր է. սէրը չի նախանձում, չի գոռոզանում, չի մեծամտանում։ Անպարկեշտութիւն չի անում, իրենը չի փնտրում, չի գրգռւում, չարը չի խորհում, անիրաւութեան վրայ չի ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտութեան հետ, ամէն բան հանդուրժում է, ամէն բանի հաւատում, ամէն բանի համար յոյս ունի, ամէն բանի համբերում է։ Սէրը երբեք չի վերջանայ» (Ա Կորնթ. 13.4-8ա)։ Այս է սիրոյ աստուածային նկարագրութիւնը, եւ քանի որ Աստուած սէր է (Ա Յովհ. 4.8), սա Իր բնութագիրն է։

Սէրը (Աստուած) չի պարտադրում իրեն: Ով որ գալիս է Աստծուն, գալիս է ի պատասխան Նրա սիրոյ: Սէրը (Աստուած) բարութիւն է ցուցնում ամենքին: Սէրը (Յիսուս) շրջում էր բարութիւն սփռելով բոլորին, առանց աչառութեան: Սէրը (Յիսուս) չէր նախանձում ուրիշի ունեցածին, ապրում էր խոնարհ կեանքով եւ անտրտունջ: Սէրը (Յիսուս) չէր պարծենում, թէ ով էր Ինքը մարմնացեալ, թէեւ կարող էր յաղթել՝ ում հետ էլ որ բախուէր: Սէրը (Աստուած) հնազանդութիւն չի պահանջում: Աստուած հնազնադութիւն չէր պահանջում Իր Որդուց, Յիսուս յօժարակամ հնազանդուեց Իր երկնային Հօրը: «Որպէսզի աշխարհն իմանայ, որ ես սիրում եմ Հօրը, եւ ինչպէս Հայրը պատուիրեց ինձ, այնպէս եմ անում» (Յովհ. 14.31): Սէրը (Յիսուս) միշտ փնտրում է(ր) ուրիշի բարօրութիւնը:

Աստուծոյ սիրոյ մեծագոյն արտայայտումը կարդում ենք Յովհաննէս 3.16-ում. «Աստուած այնպէս սիրեց աշխարհը, որ մինչեւ Իր միածին Որդուն տուեց, որ ամէն Նրան հաւատացողը չկորսուի, այլ յաւիտենական կեանք ունենայ»: Հռոմայեցիս 5.8-ը նոյն միտքն է հռչակում. «Աստուած մեր նկատմամբ Իր սէրը յայտնեց. երբ մենք դեռ մեղաւոր էինք, Քրիստոս մեզ համար մեռաւ»: Այս համարներից տեսնում ենք, որ Աստուծոյ մեծագոյն փափագն է, որ մենք Իր հետ լինենք Իր յաւիտենական տանը՝ երկնքում: Նա այդ ճանապարհը բացել է՝ մեր մեղքերի գինը վճարելով: Նա սիրում է մեզ, որովհետեւ այդպէս կամեցաւ: Սէրը ներում է: «Եթէ խոստովանենք մեր մեղքերը, հաւատարիմ ու արդար է Նա, որ մեր մեղքերը ների մեզ եւ մաքրի մեզ ամէն անիրաւութիւնից» (Ա Յովհ. 1.9):

Արդ՝ ի՞նչ ասել է՝ Աստուած սէր է: Սէրը Աստուծոյ յատկանիշն է: Սէրը Աստուծոյ բնաւորութեան, Նրա Անձի հիմնական գիծն է: Աստուծոյ սէրը բնաւ չի հակասում Նրա սրբութեանը, արդարութեանը, արդարամտութեանը, նոյնիսկ՝ բարկութեանը: Աստուծոյ բոլոր յատկութիւնները կատարեալ ներդաշնակութեան մէջ են: Աստուծոյ ամէն արածը սիրով է, ճիշտ ինչպէս ամէն արածը արդար եւ ճիշտ է: Աստուած կատարեալ տիպարն է ճշմարիտ սիրոյ: Աստուած նրանց, ով ընդունում է Իր Որդի Յիսուս Քրիստոսին որպէս իր անձնական Փրկիչ, զարմանահրաշ կերպով, Սուրբ Հոգու զօրութեամբ կարողութիւն է տուել սիրելու՝ ինչպէս Ինքն է սիրում (Յովհ. 1.12, Ա Յովհ. 3.1, 23-24):



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է նշանակում՝ Աստուած սէր է։