Ի՞նչ է ասում Աստուածաշունչը տասանորդի մասին:



Հարց. Ի՞նչ է ասում Աստուածաշունչը տասանորդի մասին:

Պատասխան.
Շատ քրիստոնեաներ խնդիրներ ունեն տասանորդի հարցում: Որոշ եկեղեցիներում տասանորդը չափից աւելի կարեւորւում է, միեւնոյն ժամանակ շատ քրիստոնեաներ հրաժարւում են ենթարկուել Տիրոջն ընծայելու աստուածաշնչեան պատուէրին: Տասանորդ (ընծայ) տալը նախատեսուած է տուողին ուրախութիւն պատճառելու, նրա համար օրհնութիւն լինելու համար: Ցաւօք, սա հազուադէպ է այսօր եկեղեցում:

Տասանորդը հինկտակարանային հասկացութիւն է: Տասանորդ վճարելը օրէնքի պահանջ էր, ըստ որի բոլոր իսրայելացիներն իրենց վաստակի եւ աճեցրած պտղի տասը տոկոսը պէտք է տային տաճարին (կամ խորանին) (Ղեւտ. 27.30, Թուոց 18.26, Բ Օրին. 14.24, Բ Մնաց. 31.5): Ի դէպ, հինկտակարանային օրէնքը պահանջում էր բազմակի տասանորդ, ընդհանուր վճարելիք գումարը կարող էր հասնել շուրջ 23.3 տոկոսի մեր պատկերացրած 10 տոկոսի փոխարէն: Ոմանք հինկտակարանային տասանորդը համարում են հարկահանութեան մի տեսակ, որը կիրառուել է զոհակարգի մէջ՝ քահանաների ու ղեւտացիների ապրուստի կարիքները հոգալու համար: Նոր Կտակարանը որեւէ տէղ չի պատուիրում, նոյնիսկ խորհուրդ չի տալիս քրիստոնեային ենթարկուելու տասանորդ տալու կարգին: Պօղոսն ասում է, որ հաւատացեալները պէտք է իրենց եկամտի որոշ մասը առանձնացնեն եկեղեցու կարիքների համար (Ա Կորնթ. 16.1-2):

Նոր Կտակարանը որեւէ տեղ չի նշում, թէ եկամտից որքան տոկոս պէտք է առանձնացուի, միայն ասում է, որ մարդու եկամտին համապատասխան լինի (Ա Կորնթ. 16.2): Ընդհանուր առմամբ եկեղեցին ընդունել է է հինկտակարանային տասը տոկոսը որպէս «յանձնարարելի նուազագոյնը», որը քրիստոնեան պէտք է ընծայի: Նոր Կտակարանը շեշտում է ընծայելու կարեւորութիւնը եւ օգուտը: Պարտաւոր ենք տալ այնքան, որքան կարող ենք. երբեմն սա նշանակում է տասը տոկոսից աւելի, երբեմն՝ քիչ: Ամէն բան կախուած է քրիստոնեայի կարողութիւնից եւ եկեղեցու կարիքներից: Ամէն քրիստոնեայ թող ջանադիր աղօթի եւ Աստծուց իմաստութիւն խնդրի տասանորդ տալու կամ որքան տալու հարցում (Յակ. 1.5): Ամէն ինչից առաւել, ընծայելը պիտի լինի մաքուր շարժառիթով, Աստծուն երկրպագելու եւ Քրիստոսի մարմնին ծառայելու անկեղծ մղումով: «Ամէն ոք, ինչպէս որ սրտում յօժարութիւն կա, ոչ թէ տրտմութեամբ կամ հարկադրանքով, որովհետեւ Աստուած սիրում է յօժարակամ տուողին» (Բ Կորնթ. 9.7):



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Ի՞նչ է ասում Աստուածաշունչը տասանորդի մասին: