Կալվինականութիւնն ընդդէմ արմինիականութեան. ո՞րն է ճշմարիտ:



Հարց. Կալվինականութիւնն ընդդէմ արմինիականութեան. ո՞րն է ճշմարիտ:

Պատասխան.
Կալվինականութիւնը եւ արմինիականութիւնը աստուածաբանութեան երկու համակարգ են, որոնք փորձում են բացատրել փրկութեան հարցում Աստուծոյ ինքնիշխանութեան եւ մարդու պատասխանատւութեան փոխյարաբերութիւնը: Կալվինականութիւնը ֆրանսիացի աստուածաբան Ժան Կալվինի (1509-1564) անունով է, արմինիականութիւնը՝ հոլանդացի աստուածաբան Յակոբոս Արմինիոսի (1560-1609) անունով:

Երկու համակարգն էլ կարելի է ամփոփել հինգ կէտում: Կալվինականութիւնը պնդում է մարդու լրիւ ապականութիւնը, արմինիականութիւնը՝ մարդու մասնակի ապականութիւնը: Լրիւ ապականութիւնը ենթադրում է, որ մարդու էութեան ամէն կողմը աղտոտուած է մեղքով, հետեւապէս, մարդ էակներն անկարող են ինքնուրոյնաբար գալ Աստծուն: Մասնակի ապականութիւնը ենթադրում է, որ մարդու էութեան ամէն կողմը աղտոտուած է մեղքով, բայց ոչ այնքան, որ մարդն անկարող լինի ինքնուրոյնաբար հաւատ ընծայել Աստծուն:

Կալվինականութիւնը պնդում է, որ ընտրութիւնը անպայմանական է, անվերապահ, մինչդեռ արմինիականութիւնն ընդունում է պայմանական ընտրութիւնը: Անվերապահ ընտրութիւն նշանակում է՝ Աստուած անհատներին փրկութեան համար ընտրում է բացառապէս Իր կամքով, այլ ոչ անհատին ներհատուկ որեւէ արժանիքով: Պայմանական ընտրութիւնը նշանակում է՝ Աստուած անհատներին փրկութեան համար ընտրում է Իր կանխիմացութեան հիման վրայ, թէ ով է հաւատալու Քրիստոսին ի փրկութիւն, հետեւապէս եւ պայմանով, որ այդ անհատն ընտրի Աստծուն:

Կալվինականութիւնը քաւութիւնը համարում է սահմանափակ, արմինիականութիւնն այն համարում է անսահմանափակ: Սա հինգ կէտերից թերեւս ամենավիճայարոյցն է: Սահմանափակ քաւութիւն նշանակում է՝ Յիսուս մեռաւ միայն ընտրեալների համար: Անսահմանափակ քաւութիւն նշանակում է՝ Յիսուս մեռաւ բոլորի համար, բայց Նրա մահը արդիւնաւորւում է, եթե անհատն ընդունում է Նրան հաւատքով:

Կալվինականութիւնն ընդունում է, որ Աստուծոյ շնորհը անդիմադրելի է, մինչ արմինիականութիւնն ասում է, որ անհատը կարող է ընդդիմանալ Աստուծոյ շնորհին: Անդիմադրելի շնորհի փաստարկն այն է, որ երբ Աստուած կանչում է մարդուն փրկութեան, այդ անձը անխուսափելիօրէն կգայ փրկութեան: Դիմադրելի շնորհը ենթադրում է, որ Աստուած բոլորին է կանչում փրկութեան, բայց շատերը դիմադրում եւ մերժում են այս կանչը:

Կալվինականութիւնն ընդունում է սրբերի յարատեւութիւնը, իսկ արմինիականութիւնը յարում է պայմանական փրկութեանը: Սրբերի յարատեւութիւնը նշանակում է՝ անձը, որ Աստծուց ընտրուած է, կյարատեւի հաւատքի մէջ եւ մշտապէս չի մերժի Քրիստոսին եւ երես չի թեքի Նրանից: Պայմանական փրկութեան համաձայն՝ Քրիստոսում հաւատացեալը կարող է իր յօժար կամքով հեռանալ Քրիստոսից եւ այդպիսով կորցնել փրկութիւնը:

Արդ՝ կալվինականութիւնն ընդդէմ արմինիականութեան բանավէճում ո՞վ է ճիշտ: Հարկ է նշել, որ Քրիստոսի բազմազան մարմնում առկայ է կալվինականութեան եւ արմինիականութեան ամէն տեսակ խառնուրդ: Այսինքն՝ կան հինգ կէտը դաւանող կալվինականներ եւ հինգ կէտը դաւանող արմինիականներ, միեւնոյն ժամանակ կան երեք կէտ դաւանող կալվինականներ եւ երկու կէտ դաւանող արմինիականներ: Շատ հաւատացեալներ էլ յանգում են զոյգ համակարգից բաղկացած խառը տեսակէտի: Ի վերջոյ, մեր կարծիքով՝ երկու տեսակէտներն էլ թերի են, որովհետեւ ջանում են բացատրել անբացատրելին: Մարդկային էակներն անկարող են լիովին ըմբռնել նման հասկացութիւնը: Այո, Աստուած բացարձակ ինքնիշխան է եւ գիտէ ամենքին: Այո, մարդ էակները կոչուած են ճշմարիտ վճիռ կայացնելու՝ փրկութեան համար Քրիստոսին հաւատալու: Այս երկու իրողութիւնները հակասական են թւում մեզ, մինչդեռ Աստուծոյ մտքում դրանք կատարելապէս տրամաբանական են:



Վերադառնալ հայերէն սկզբնաէջ


Կալվինականութիւնն ընդդէմ արմինիականութեան. ո՞րն է ճշմարիտ: